Միջազգային ֆինանսատնտեսական ցնցումներն ու ՀՀ-ն

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներն էապես ազդել են դոլար-ռուբլի հարաբերակցության և նավթի գների անկման վրա:

Վերջին շրջանում Չինաստանի տնտեսական աճի տեմպերը նույնպես նվազել են, ինչպես նաև արժեզրկվում է չինական յուանը:
Ռուսաստանի ազգային արժույթն էժանացել է: Մասնավորապես այսօր մեկ դոլարի գինն արդեն հատել է 70 ռուբլու սահմանը:
Մյուս կողմից էլ գահավիժում է ղազախական տենգեն, որը 1 օրվա ընթացքում արժեզրկվել է մոտ 30 տոկոսով:

Փաստորեն ՀՀ-ի խոշորագույն տնտեսական գործընկեր ՌԴ-ն, մեր արտաքին առևտրի 10% մասնաբաժին ունեցող Չինաստանն ու ԵԱՏՄ երկրորդ տնտեսություն Ղազախստանն ապրում են ճգնաժամային օրեր: Ակներև է, որ ՌԴ ֆինանսատնտեսական իրավիճակն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի վրա:

Առաջին հայացքից տնտեսական խորը ճգնաժամն անխուսափելի է, սակայն պետք է արձանագրենք մի կարևոր փաստ: Չանտեսելով միջազգային շուկայից դեպի Հայաստան ներխուժող բացասական ազդեցությունները` այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ ռուսական ռուբլու և ռուսական շուկայի տատանումները դեռևս նախորդ տարեվերջին ու ընթացիկ տարեսկզբին արդեն նոր մարտահրավերներ էին առաջացրել հայկական դրամի ու հայ արտահանողների համար:

Այդ ժամանակ կառավարությունը շոկերը մեղմելու համապատասխան քայլեր ձեռնարկեց` հավասարակշռելով սպառողների և արտահանողների շահերը: Այդ պայմաններում նույնիսկ տնտեսությունն աճեց 2.2 %-ով առաջին եռամսյակում:
Այն որ կանխատեսվում է չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղում և դա անդրադառնալու է մի շարք ապրանքների միջազգային գների վրա, պարզից էլ պարզ է, բայց պետք է փաստենք, որ այդուհանդերձ չի խանգարում Չինաստանին խոշոր ներդրումային հետաքրքրվածություն ցուցաբերել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում:

Եթե դիտարկենք ընթացիկ տարում ՀՀ-ում գրանցված տնտեսական ցուցանիշները, ապա պետք է նկատենք, որ 2015 թվականին ծառայությունների 2.4%, գյուղատնտեսության 14.8%, արդյունաբերության 4.1% և շինարարության 0.4% աճեր է գրանցվել հունվար-հուլիս ամիսներին: Տեղին է հիշատակել նաև, որ 24.08.2015թ. դրությամբ 220 լուծարված ՍՊԸ-ների դիմաց գրանցվել է 2349 նորը, 5892 լուծարված ԱՁ-երի դիմաց գրանցվել է 7000 նոր ԱՁ:

Ամեն դեպքում չպետք է ասել, որ Հայաստանն ապահովագրված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող ցնցումներից: Միևնույն ժամանակ էլ, չպետք է միայն բացասականը արձանագրել:
Կարծում եմ պետք է հնարավորինս սթափ վերլուծություններ մատուցել հանրությանը, քանզի տնտեսագիտական գործընթացներին խորությամբ չտիրապետող մարդը կարող է ցանկացած թերի տեղեկատվությունից անցնել ոչ անհրաժեշտ գործողությունների:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *