Նրանք հերոս են՝ անկախ շքանշանից․․․

timthumbԱյսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնեց Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները:

Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքին կյանքը նվիրած զինվորների ծնողները, հարազատները նախագահական նստավայրում էին։ Նրանց աչքերում և՛ հպարտություն կար և՛ տխրություն։ Հպարտ էին, որ ունեն հերոս որդիներ, ամուսիններ, եղբայրներ ու հայրեր։ Սակայն, տխուր էին, քանի որ հենց այդ հերոսներին այլևս չեն տեսնելու, չեն համբուրելու, չեն ասելու, թե ինչքան են սիրում։ Հայրենիքը բարձրագույն արժեք է։ Յուրաքանչյուր հայորդի, ով զոհվել է հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար, չի կարող մոռացվել։ Պատմության դասագրքերում գրվելու են նրանց անունները, որպես մերօրյա հերոսներ, հերոսության մարմնացումներ։

Պարգևատրման արարողությանը ներկա էին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի ծնողները,Գեղամ Մկրտչյանի կինը, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը, բոլոր հերոսների ծնողներն ու հարազատները։ Պարգևատրման արարողությանը Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, ներկա է եղել ուշացումով։ Նրան և մյուս քաջերի ծնողներին դիմավորել է Պնախարար Սեյրան Օհանյանը։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի սխրագործության մասին խոսվեց հենց ապրիլյան պատերազմի օրերին, երբ վերջինս իր փոքրաթիվ զինվորներով մինչև վերջին շունչը կռիվ է տվել թշնամու մեծաթիվ զորքի դեմ։ Ուրֆանյանի մայրը բազմիցս է ասել՝ հպարտանում է իր հերոս որդիով, իր Վազգեն Սարգսյանի ոգով մեծացրած որդիով։ Այսօր արդեն Արմենակ Ուրֆանյանը և շատ շատերը կհիշվեն որպես հայրենիքի սահմանները անառիկ պահած զինվորներ։

Հերոսներին ընտրում է ժողովուրդը, հերոսացնում է ժողովուրդը, հիշում ու մեծարում են սերունդները։ Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են ՀՀ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, ինչպես նաև ՀՀ և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի ծառայողները՝ պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ 

Հիրավի, Արմենակը և մյուս հայորդիները անուրանալի սխրանք են կատարել հայ ազգի համար։ Արմենակի մայրը՝ տիկին Համեստի միակ սփոփանքն այն էր, որ իր որդին զոհվել է որպես Ազգի հերոս է և պետության կողմից կարժանանա Ազգային հերոսի կոչման․․․

Այն պետության, որի հետագա գոյատևման համար զոհվեցին ինքն ու իր մարտական ընկերները։ Հայ ժողովրդի համար Արմենակն էլ, Ռոբերտն էլ, Սասունն էլ, բոլորն էլ Ազգային հերոսներ են, անկախ նրանից՝ ինչ շքանշան կամ մեդալ կստանան։ Նրանք հերոսներ են ներկա և գալիք սերնդի համար։

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *