Կոոպերացիայի սոցիալ-տնտեսական բնույթը, սկզբունքներն ու նպատակները. մաս 1-ին

12243567_888845351223036_32500654373484195_n

Գրեթե միշտ, երբ որևէ պետության հասարակությունը ճգնաժամի մեջ է հայտնվում, առաջին պլան է մղվում արտադրության կազմակերպման հարցը: Եվ այդ դեպքում, սովորաբար, առաջ են քաշվում անհատական և կոլեկտիվ արտադրությանը, ինչպես նաև կոլեկտիվում անհատների փոխներգրավվածությանը վերաբերող հարցերը:
Անհատական արտադրությունն ունի մի շարք առանձնահատկություններ.
1.աշխատանքային ուժեղ նպատակաուղղվածության առկայություն
2.շահույթ ստանալու ձգտում` առանց հաշվի առնելու հասարակական-տնտեսական համակարգի ազդեցությունը դրա վրա
3.առանց պետության միջամտության` որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել տնտեսական համակարգում հավասարակշռության խախտման և քաոսային իրավիճակի ստեղծման:
4.սահմանափակում է սոցիալական արդարության հասնելու հնարավորությունները
Կոլեկտիվ արտադրությունը, չնայած բնութագրվում է ավելի թույլ աշխատանքային նպատակաուղղվածությամբ, մասնավոր սեփականության սահմանափակման համամասնական աստիճանով, սակայն միաժամանակ այն ունի մի շարք առավելություններ: Կոլեկտիվ արտադրությունը նվազեցնում է (սակայն ամբողջությամբ չի վերացնում) տնտեսության մեջ հավասարակշռության խախտման և քաոսային իրավիճակի ստեղծման ծավալները, ստեղծում է արտադրական օգուտների բաշխման գործընթացի առավել դեմոկրատացման հնարավորություն:
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալենը (Ֆրանսիա) իր «Եվրոպան` սեփական ապագային դեմ հանդիման. ի՞նչ անել» հրապարակման մեջ ընդգծում է, որ Արևելյան Եվրոպան անհրաժեշտություն ունի ստեղծել հումանիստական (մարդասիրական) տնտեսություն:
Կոոպերացիան իր բնույթով հումանիստական է, քանի որ այն նպատակ ունի օգնել իր անդամներին, բավարարել նրանց հետաքրքրությունները և պահանջմունքները:
Կոոպերացիաների ի հայտ գալու սոցիալ-տնտեսական նախադրյալները նախորդ դարում կապված էին կապիտալիզմի հաստատման, դեպի շուկայական տնտեսությանը և ապրանքափողային հարաբերություններին անցման, նոր սոցիալական կառուցվածքի ձևավորման հետ:
Կոոպերացիայի ստեղծման գաղափարն առաջացավ համամարդկային վաղ հումանիզմի և ուտոպիական սոցիալիզմի ազդեցությամբ: Նրա գոյությունը և գործունեությունը միշտ կապված է եղել արդարության, անձի ազատության, ժողովրդավարության, իրավահավասարության և փոխօգնության սկզբունքների հետ: Որպեսզի ամբողջությամբ օգտագործվեն կոոպերացիայի տնտեսական և սոցիալական հնարավորությունները` տեսականորեն և գործնականորեն հարստացնելով երկրի շուկայական տնտեսությունը, անհրաժեշտ է ճիշտ ընկալել նրա էությունը:
Կոոպերացիա բառը լատիներենից (cooperatio) թարգմանաբար նշանակում է փոխօգնություն, համագործակցություն: Այն ունի 3 հիմնական նշանակություն:
Առաջին հերթին` դա մարդկանց համախումբ է (ընտանիք, սերունդ, հասարակություն, պետություն):
Երկրորդ` դա հասարակական աշխատանքի կազմակերպման ձև է:
Երրորդ` կոոպերացիան հասարակական-տնտեսական կազմակերպություն է, որում կամավոր սկզբունքով համակցված են անսահմանափակ թվով մարդիկ` հավասար իրավունքներով և պարտականություններով, անսահմանափակ սեփական կապիտալով, որպեսզի փոխօգնության, համատեղ աշխատանքի և համերաշխության ճանապարհով բավարարեն և զարգացնեն իրենց տնտեսական և մշակութային հետաքրքրությունները:
Կոոպերացիայի հիմքում ընկած են մարդկանց` որպես պահանջատերերի, մասնավոր սեփականատերերի և արտադրողների հետաքրքրությունները: Կոոպերացիայի առանձին անդամների հետաքրքրությունները մտնում են կոլեկտիվ հետաքրքրությունների մեջ, և այդպիսով` վերաճում են կոոպերատիվ հետաքրքրությունները:
Կոոպերացիան հնարավորություն է տալիս իր անդամներին` ամենաօպտիմալ և ամենաշահեկան տարբերակով իրացնել սեփական հետաքրքրությունները, և որպես մասնավոր սեփականատեր` ցույց տալ իրենց ձեռնարկատիրական հնարավորությունները` արտադրողի կամ սպառողի դերում: Այն մոտիվացնում է հետաքրքրությունը դեպի կոոպերացիա հիմնելը և անդամագրվելը, և հանդիսանում է ու պատասխանատվության ինիցիատիվի ատանձնման շարժող ուժը:
Որևէ կոոպերացիայի առջև դրված նպատակներն ու առաջադրանքները իրականացնելու համար ամենակարևոր նախապայմանը կոոպերացիայի հիմնական սկզբունքներին հետևելն է:
Առաջին հերթին` կոոպերացիայի ստեղծումը և անդամագրումը պետք է հիմնված լինեն կամավորության սկզբունքի վրա: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ կարող է կամավոր կերպով դառնալ կոոպերացիայի անդամ, ինչպես նաև` ցանկացած պահի կարող է դուրս գալ անդամությունից:
Կոոպերացիայի կարևոր սկզբունքներից է անդամների թվի ոչ սահմանափակ լինելը: Կոոպերացիայի անդամները (կոոպերատորները), իրենց հետաքրքրություններով և պահանջմունքներով գտնելով կոոպերացիայի ուշադրության կենտրոնում, հանդիսանում են կոոպերացիայի արդյունավետ գործունեության կարևոր գործոն:
Կոոպերացիայի մյուս կարևոր սկզբունքը նրա ժողովրդավարական սկզբունքն է: Կոոպերացիայի բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ, և կոոպերացիայի գործունեության հետ կապված բոլոր հարցերը քննարկվում և լուծվում են միասնաբար:
Կոոպերացիան հանդիսանում է նաև հասարակական կազմակերպություն, որը բացի տնտեսական գործունեությունից` կատարում է նաև մշակութային, կազմակերպչական, դաստիարակչական և այլ գործառույթներ` նպաստելով ընդհանուր մշակույթի բարձրացմանը, իր անդամների բարոյական և այլ որակների զարգացմանը և պահպանմանը, կոոպերացիայի գաղափարի տարածմանը:
Կոոպերացիայի ամենամեծ առանձնահատկություններից է հանդիսանում այն, որ վերջինս զերծ է մնում քաղաքական, կրոնական, էթնիկ և ազգայնական ազդեցություններից: Կոոպերացիայում մարդիկ համախմբվում են իրենց տնտեսական և սոցիալական հետաքրքրությունների շուրջ. հաճախ այդ հանգամանքը հանդարտեցնում է քաղաքական և կրոնական կրքերը, ձևավորում է փոխօգնության և հանդուրժողականության գաղափարներ:
Կոոպերացիաների ստեղծման պատմական և սոցիալ-տնտեսական նախադրյալները կապված էին բնականից դեպի ապրանքափողային հարաբերությունների անցման և ամենուր շուկայական տնտեսության ստեղծման հետ: Իր նպատակներով և սկզբունքներով` կոոպերացիաները կարող են գործունեություն ծավալել հենց շուկայական տնտեսության, ժողովրդավարության և համապատասխան օրենսդրության առկայության պայմաններում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Ոսկեհատ Հովհաննիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *