Արարատում շոգից ձմերուկի դաշտերը չորանում են

g_image

Արարատի մարզում ձմերուկ մշակող հողօգտագործողները ծանր խնդրի առաջ են կանգնել: Ձմերուկի դաշտերը չորանում են:

Սահմանամերձ Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ դաշտն ամբողջությամբ չորացել է: Հասած ձմերուկները կարողացել է վաճառել, բայց հողի մշակման համար կատարած ծախսը չի հանել:

«Մոտ 500 հազար դրամի ծախս եմ արել, վարել, ցանել, քաղհան անել, թույն առնել, սրսկել… Հասածները ծախեցի, 300 հազար էլ չեղավ»,-ասաց գյուղացին, անմիջապես վրա բերելով, որ հաջորդ տարի հող չի մշակելու, ձմերուկ՝ հատկապես:

Կան դաշտեր էլ, որտեղ ձմերուկը դեռ չի հասել, հետևաբար վաճառելու բան էլ չկա, չորացած թփերին կպած փոքր ձմերուկներն այդպես էլ արևի տակ կմնան:

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը Panorama.am-ին ասաց՝ խնդրին ծանոթ է, ձմերուկը նուրբ բույս է, շոգից չորանում է:

«Ձմերուկը ռիսկային բույս է: Շոգն ու ջուրը խառնվում են իրար, ձմերուկի թուփը վնասում են: Պետք է ցերեկը չջրեն, գիշերն է պետք ջրել: Սարսափելի է, տեսնում ես՝ լավ դաշտ է, մեկ էլ մի օրվա մեջ լրիվ թփերը չորանում, պառկում են»,-ասաց Տերտերյանը:

Մարզպետարանի պաշտոնյան այս պահին հստակ տվյալներ չունի, թե մարզում ընդհանուր առմամբ քանի հա ձմերուկի դաշտ է չորացել. «Դաշտ կա, որ երկու առուն է չորացել: Դաշտ կա ամբողջությամբ է վառվել: Պետք է շատ ուշադիր լինեն, ցերեկը չջրեն, հողն այնպիսի դիրքով պետք է լինի, որ ջուրը փախչի, չմնա նույն տեղում, եթե ջուրը կանգնեց, պրծավ, կփչանա: Ընդհանրապես ջրի կուտակումը բոլոր բույսերին էլ վնաս է»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *