Եթե մեր ընդդիմությունը լիներ պետականամետ մտածելակերպի կրող…

images
Այն, ինչ վերջերս տեղի ունեցավ Վատիկանում, չեմ կարծում, թե կարելի է այլ կերպ անվանել, քան դիվանագիտական փայլուն հաղթանակ, և դա մեր բոլորիս հաղթանակն է, այլ ոչ թե միայն իշխանություններինը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը դա միայն իշխանությունները չեն, և ցանկացած հաջողություն հավասարապես վերաբերվում է բոլորիս, այդ թվում նաև՝ ընդդիմությանը: Սակայն դատելով մեր ընդդիմադիրների արձագանքներից կամ էլ դրանց բացակայությունից՝ կարող եմ ենթադրել, որ, ցավոք, նրանցից շատերը չեն մտածում այդպես և պետության հաջողությունը չեն համարում նաև իրենցը, այլ միայն իշխանություններինը: Հետևաբար նման ձևով մտածող ընդդիմադիրները հաջողությունների մասին գերադասում են լռել, որպեսզի հանկարծ իրենց խոսքը չընկալվի որպես իշխանությունների գովք` առանց գիտակցելու, որ այդ իսկ լռությամբ նրանք նույն հաջողությունը վերագրում են միայն իշխանություններին՝ անտեսելով այդտեղ ունեցած իրենց վաստակը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ ոչ կառուցողական ընդդիմություն՝ մեկը մյուսի հետևից տապալվող նախաձեռնություններով:
Կարծում եմ, պատկերն այլ կլիներ, եթե մեր ընդդիմությունը լիներ պետականամետ մտածելակերպի կրող, եթե իր համար առաջնայինը չդարձներ բոլոր հարցերում իշխանություններին հակառակվելը, նույնիսկ եթե խոսքը վերաբերվում է այնպիսի խնդիրներին, որոնք բոլորիս շահերից են բխում, և որոնց շուրջ միասնականություն է պետք: Իսկ այս դեպքում ստացվում է, որ ընդդիմադիրները պետության շահերը չեն գերադասում անձնականից, չնայած որ Հայաստանի Հանրապետությունը նաև հավասարապես ընդդիմադիրների պետությունն է:
Որպես դրական կողմ՝ պետք է նշեմ նաև, որ անուղղակի կերպով ընդդիմադիրներից շատերն իրենց վերաբերմունքն արտահայտել են, սակայն ոչ թե հաղթանակն արձանագրելով, այլ Հռոմի Պապին իր հայտարարության համար թուրքերի կողմից տեղեկատվական հարձակումներից պաշտպանելով: Սա, իհարկե, շատ ավելի լավ է, քան կատարյալ լռությունը:
Ցավով պետք է նաև արձանագրեմ, որ ի տարբերություն խորհրդարանական ընդդիմադիրների և մի քանի այլ կուսակցությունների՝ մեր դիվանագիտական հաղթանակը ոչ մի կերպ չոգևորեց «Հիմնադիր խորհրդարանին», որոնք երեկ այնուամենայնիվ անցկացրեցին իրենց հանրահավաքը և ամեն դեպքում չեն հրաժարվում ապրիլի 24-ին իրենց պլանավորած և մեր պետության շահերին միանգամայն հակասող ու վտանգավոր միջոցառումն անցկացնելու մտքից: Նրանք շարունակում են բերել իբրև թե «հիմնավորումներ» այն մասին, թե ինչու հենց ամսի 24-ին, սակայն այդ «հիմնավորումները» բացարձակապես զուրկ են հիմքից, և ակնհայտ է, որ մարդիկ ոչ թե պետության ու ժողովրդի շահերի մասին են մտածում, ոյլ ինչ-որ խնդիրներ են փորձում լուծել՝ միմիայն իրենց կամ իրենց հետ համագործակցող ուժերի շահերից բխող:
Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կառուցողական և անձնական շահերը պետության շահերից վեր չդասող ընդդիմություն ունենալն անհրաժեշտություն է, և ընդդիմադիր դաշտում կատարվող վերադասավորումները, նոր ուժերի ակտիվացումն ու երևան գալը հուսով եմ՝ կբերի դրական փոփոխությունների, նաև որակապես կփոխի մեր ընդդիմադիր դաշտը:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *