Եվրախորհրդարանն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել. Panorama.am

g_image
Քիչ առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկման ավարտից հետո Եվրախորհրդարանն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանձևին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Panorama.am-ի տրամադրության տակ գտնվող բանաձևի տեքստի տարբերակը, ըստ մեր աղբյուրների, քննարկվել էր Եվրախորհրդարանի բոլոր խմբերի մասնակցությամբ և մինչև քվերակությունը համաձայնեցված է: Հիմնվելով 1987թ-ի հունիսի 18-ին իր կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևի, ՄԱԿ-ի` Ցեղասպանությունների կանխարգելման և հանցանքները պատժելու մասին կոնվենցիայի և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի վրա` Եվրախորհրդարանը վերահաստատում է, որ 1915-1917թթ-ին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ բռնությունները ցեղասպանություն էին, և «խստորեն դատապարտում է դրանց ցանկացած հերքումը»:

Եվրախորհրդարանը միանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակմանը և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդին նույնպես միանալ:

Բանաձևում, մասնավորապես ասվում է. «Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես հնարավորություն սեփական անցյալի հետ հաշտվելու (այդ թվում արխիվների բացմամբ) և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և այդկերպ հող ստեղծել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտություն հաստատելու համար»:

Բանաձևը Թուրքիային նաև կոչ է անում հարգել և գիտակցել այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել է մշակութային ժառանգությունները պահպանելու համար և իր իրավասության շրջանակներում անցկացնել հայկական և այլ մշակութային արժեքների հաշվառում, որոնք ավերվել են նախորդ դարի ընթացքում:

Եվրախորհրդարանը բանաձևի մեջ նաև իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություններին և երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով կոչ է անում առանց նախապայմանների վավերացնել նախապես ստորագրված արձանագրությունները: Բանաձևը նաև կոչ է անում երկու երկրների միջև բացել սահմանները, ակտիվորեն բարելավել հարաբերությունները` տնտեսական ինտեգրման և սահմանային համագործակցության ճանապարհով:

Եվրախորհրդարանը բանաձևով նաև առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցում լինի, որ յուրաքանչյուր ժողովուրդ խաղաղ և արժանապատիվ գոյության իրավունք ունի:

Աղբյուր` Panorama.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *